Իսրայելին հաջողվել է Իրանին զրկել միջուկային զենք ստանալու հնարավորությունից. Նեթանյահու
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 25, 24News

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հունիսի 24-ին հայտարարել է, որ Իրանն Իսրայելի հետ հակամարտության արդյունքում մնացել է առանց միջուկային զենք մշակելու հնարավորության։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Ynet-ը։
«Տասնամյակներ շարունակ ես խոստացել եմ, որ Իրանը միջուկային զենք չի ունենա, և մեր մարտիկների հիանալի գործողությունների շնորհիվ մենք խափանեցինք իրանական միջուկային նախագիծը։ Եթե որևէ մեկը փորձի այն վերականգնել, ապա մենք նույն վճռականությամբ և կարողությամբ կգործենք նման փորձը խափանելու համար։ Իրանը միջուկային զենք չի ունենա», – ասել է Նեթանյահուն։
Վարչապետի խոսքով՝ Իսրայելը վերացրել է Իրանից իրեն ուղղված «երկու գոյաբանական սպառնալիք»՝ «միջուկային ռումբերով ոչնչացվելու սպառնալիքը և 20 000 բալիստիկ հրթիռներով ոչնչացվելու սպառնալիքը»։
Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգներին և նախագահ Դոնալդ Թրամփին Իսրայելը պաշտպանելու և «իրանական միջուկային սպառնալիքը» վերացնելու համար։ «ԱՄՆ-ն միացել է մեզ ոչ միայն պաշտպանության, այլև հարձակման հարցում, և սա պատմական իրադարձություն է։ Այսպիսի բան երբեք տեղի չի ունեցել», – ընդգծել է վարչապետը։
Միևնույն ժամանակ Նեթանյահուն հիշեցրել է, որ Իսրայելի առջև առաջվա նման ծառացած է ՀԱՄԱՍ խմբավորմանը հաղթելու և պատանդներին ազատ արձակելու խնդիրը։
Հունիսի 13-ին Իսրայելը ռազմական գործողություն սկսեց Իրանի դեմ՝ նպատակ ունենալով ոչնչացնել նրա միջուկային ծրագիրը։
Հունիսի 22-ին ԱՄՆ-ն հարվածներ հասցրեց Իրանի միջուկային օբյեկտներին Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում։ Հունիսի 24-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց կողմերի միջև հրադադարի մասին, որը հետագայում հաստատեցին Իրանը և Իսրայելը։
—00—ՄԱ