Իրանի նախագահը ափսոսանք է հայտնել Կատարում ԱՄՆ ռազմաբազայի վրա հարձակման կապակցությամբ

24/06/2025 18:42 Միջազգային

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկուշաբթի օրը հեռախոսազրույց է ունեցել Կատարի էմիր Թամիմ բին Համադ ալ Թանիի հետ՝ կապված Կատարում գտնվող ամերիկյան «Ալ Ուդեյդ» ռազմաբազայի վրա Իրանի կողմից հարձակման հետ և ափսոսանք է հայտնել պատճառված վնասի համար, ասվում է Էմիրի գրասենյակի կայքում։

«Իր հերթին, Իրանի նախագահը ափսոսանք է հայտնել Նորին Մեծություն էմիրին և եղբայրական ժողովրդին այս հարձակման պատճառած վնասի համար՝ նշելով, որ Կատարի պետությունը և նրա ժողովուրդը չեն եղել այս գործողության թիրախը, և որ այս հարձակումը սպառնալիք չի ներկայացնում Կատարի պետության համար։

Նա ընդգծել է, որ Կատարի պետությունը կմնա հարևան մուսուլմանական և եղբայրական երկիր և հույս է հայտնել, որ երկու երկրների միջև հարաբերությունները միշտ կհիմնվեն պետությունների ինքնիշխանության հարգանքի և բարիդրացիության սկզբունքների վրա», – ասվում է զրույցի բովանդակությունը փոխանցող հայտարարության մեջ։

–00—ՅՄ