Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դժգոհ է թե՛ Իրանից, թե՛ Իսրայելից
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհություն է հայտնել ինչպես իսրայելական, այնպես էլ իրանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ հաղորդագրությունների ֆոնին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Նշվում է, որ ամերիկացի առաջնորդը Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողով մեկնելուց առաջ լրագրողներին հայտնել է, որ «դժգոհ» է թե՛ Իրանից, թե՛ Իսրայելից։ Այնուհետև նա առանձին ընդգծել է, որ «շատ դժգոհ» է Իսրայելից։
«Ինձ դուր չեկավ այն փաստը, որ Իսրայելը համաձայնության հասնելուց անմիջապես հետո հարվածեց։ Պարտադիր չէր, որ նրանք հարվածեին, և ինձ դուր չեկավ այն փաստը, որ հակահարվածը շատ ուժեղ էր», – ասել է Թրամփը լրագրողներին։
Նա նշել է, որ կարիք չկար այդքան հարվածներ հասցնել պարզապես այն պատճառով, որ Իրանը մեկ հրթիռ էր արձակել, որը ոչ մի թիրախի չէր հարվածել։
«Տեսնեմ՝ կկարողանամ արդյոք սա կանգնեցնել», – հավելել է Թրամփը։
Լրագրողների այն հարցին, թե ԱՄՆ-ի հարվածներից հետո Իրանն արդյոք ունի իր միջուկային ծրագիրը վերականգնելու ներուժ, Թրամփը պատասխանել է. «Բոլորովին չունի»։
–00—ՅՄ