Հայաստանի հետ վիզայի ազատականացման երկխոսությունն ակտիվ փուլում է. ԵՄ դեսպան
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News

ԵՄ-ի և Հայաստանի միջև վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսությունն ակտիվ փուլում է։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ այս մասին հայտարարել է Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը։
Նրա խոսքով՝ սա համագործակցության նոր ուղղություններից է, որն ամրագրված է նաև ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության (CEPA) համաձայնագրում։«Շատ կարևոր է, որ անցյալ տարվա հուլիսին մենք որոշեցինք առաջ շարժվել այս երկխոսության ուղղությամբ։ Աշխատանքները շարունակվում են»,– նշել է Մարագոսը։
ԵՄ դեսպանը տեղեկացրել է, որ այս պահին իրականացվում է կոնկրետ աշխատանք Հայաստանի իշխանությունների հետ՝ վիզային ազատականացման գործողությունների ծրագրի նախապատրաստման ուղղությամբ։ Այդ ծրագիրը կոչված է ուղղորդելու ոլորտային բարեփոխումները։
_00_ՄԱ