Իսրայելը Լիբանանի հարավում մեքենա է թիրախավորել․ կա 3 զոհ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News

Լիբանանի հարավում՝ Նաբատիա շրջանի Քֆար Դաջջալ գյուղաքաղաքում, հունիսի 24-ին իսրայելական անօդաչու թռչող սարքը հարվածել է մի մեքենայի, ինչի հետևանքով երեք մարդ է զոհվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al Jazeera-ն՝ վկայակոչելով Լիբանանի առողջապահության նախարարությունը։
Լիբանանի ազգային լրատվական գործակալության տվյալներով՝ անօդաչու թռչող սարքը երկու հրթիռով թիրախավորել է մեքենան՝ հանգեցնելով պայթյունի և մարդկային զոհերի։ Հրշեջներն ու շտապօգնության աշխատակիցները շտապել են դեպքի վայր։
Գործակալությունը նշել է, որ առավոտից իսրայելական անօդաչու թռչող սարքերը թռչում են Նաբատիա շրջանի վրայով։
Ըստ պաշտոնական տվյալների՝ Լիբանանի և Իսրայելի միջև նոյեմբերի 27-ին հրադադարի համաձայնագրի ուժի մեջ մտնելուց ի վեր Իսրայելը կատարել է մոտ 3000 խախտում, որի հետևանքով զոհվել է առնվազն 209 մարդ, վիրավորվել՝ 504-ը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
–00—ՅՄ