Իրանը նախապես պատրաստվել էր միջուկային օբյեկտների վերականգնմանը

24/06/2025 15:55 Միջազգային

Թեհրանը նախապես միջոցներ է ձեռնարկել միջուկային օբյեկտների վերականգնմանը նախապատրաստվելու համար, այժմ գնահատում է հասցված վնասը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (ԱԷՕԻ) ղեկավար Մոհամադ Էսլամին:

«Մենք անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել ենք նախապատրաստվելու համար և ներկայում գնահատում ենք վնասը: (Խմբ.՝ Միջուկային օբյեկտների) վերականգնմանը նախապատրաստվել էինք նախօրոք, և մեր ծրագիրն է խուսափել արտադրության ու սպասարկման գործընթացում ցանկացած խափանումից», – ասել է նա Իրանի պետական ​​հեռուստառադիոընկերության եթերում:

Ավելի վաղ Իրանի զինված ուժերի «Խաթամ ​​ալ Անբիա» կենտրոնական շտաբը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի հարձակումը իսլամական հանրապետության միջուկային օբյեկտների վրա միանգամայն անարդյունավետ էր:Հունիսի 13-ին իսրայելական հարվածներից և Իրանի պատասխան հարվածներից հետո կողմերը 12 օր ռազմական գործողություններ էին իրականացնում:

Հունիսի 22-ին ԱՄՆ-ն հարվածներ հասցրեց Ֆորդոյում, Նաթանզում և Սպահանում Իրանի միջուկային օբյեկտներին, իսկ հունիսի 23-ին Թեհրանը հրթիռային հարված հասցրեց Մերձավոր Արևելքում ամերիկյան ամենախոշոր ռազմաբազային Կատարում:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել լիակատար հրադադարի շուրջ:

—00—ՄԱ