Երկու սցենար. ի՞նչ է մտածում Թրամփը
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News

Քաղաքագետ Սուրեն Սույրենյանցը գրում է․
«Երկու սցենար. ի՞նչ է մտածում Թրամփը
Ամերիկյան մամուլը հաղորդում է, որ Դոնալդ Թրամփը մտադիր չէ պատասխան հարված հասցնել իրանական հարվածներին, որոնք ուղղված են եղել Իրաքում և Կատարում տեղակայված ԱՄՆ ռազմակայաններին:
Արդյո՞ք ամերիկյան ԶԼՄ-ների տեղեկությունը ճշգրտորեն արտահայտում է Սպիտակ տան դիրքորոշումը, որը, մի կողմից, թույլ է տալիս Թեհրանին՝ պահել իր «դեմքը»(մանավանդ, որ Վաշինգտոնը կսնխավ տեղեկացվել է իրանական հարվածների մասին և էվակուացրել է իր զինվորականներին), մյուս կոցմից՝ կնպաստի դեէսկալացիային տարածաշրջանում:
Բայց նման ստատուս-քվոյով հնարավոր հրադադարն, ըստ էության, պարտություն է նշանակելու Իսրայելի համար. Իրանի միջուկային ծրագիրն ամբողջովին ոչնչացված չէ, Իսլամական Հանրապետությունում տեղի չունեցավ իշխանափոխություն կամ անջատողականության խրախուսում:
Արդյո՞ք իրերի նման վիճակը կարող է ձեռնտու լինել Թել Ավիվի համար, որը վերջին ամիսներին ակնհայտորեն կարողացել է օրակարգ թելադրել Թրամփի վարչակազմին՝ նրան «խաղաղության աղավնուց» վերածելով «ռազմատենչ բազեի»:
Թե՞ կրկին Վաշինգտոնում բանեցնում են քարոզչական արշավ՝ մոլորության մեջ գցելու համար Իրանին, որը շուտով դառնալու է ԱՄՆ նոր հարձակման թիրախ:
Դա էլ երկրորդ սցենարն է, էսկալացիայի խորացման սցենսրը, որը սպառնում է ամբողջ Մերձավոր Արևելքի կայունությանը,
կարող է վերածվել բազմաբևեռ ռազմական հակամարտության, ունենալու է նաև տնտեսական հետևանքներ՝ նավթի գնի կտրուկ բարձրացում, շուկաների անկայունություն, լոգիստիկ ուղիների խաթարում։
Իրանի ռազմական կենտրոնացումը հարավում հնարավոր է թուլացնի նրա դիրքերը հյուսիսում՝ Հայաստանի ու Ադրբեջանի ուղղությամբ։
Ադրբեջանը կարող է փորձել օգտվել իրավիճակից՝ ակտիվացնելով «Զանգեզուրի միջանցքի» պահանջը կամ կիրառել նոր ճնշումներ Հայաստանի վրա։
Իրանի հետ տնտեսական կապերը, ներառյալ ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագիրը, կարևոր են Հայաստանի համար: Տարածաշրջանային անկայունությունը կարող են խաթարել այդ կապերը՝ վնասելով Հայաստանի տնտեսությանը»: