ԵՄ-ն Ուկրաինային 25 միլիարդ եվրո է հատկացրել, բայց նա ավելին է պահանջում. Սիյարտո

23/06/2025 17:44 Միջազգային

Եվրամիությունը 2025 թվականին Ուկրաինային արդեն գրեթե 25 միլիարդ եվրո է հատկացրել, բայց նա ավելի շատ է պահանջում. Հունգարիան մտադիր չէ իր փողերն ուղարկել Կիևին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այդ մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն։«Միայն այս տարի Եվրամիությունն Ուկրաինային որպես աջակցություն հատկացրել է 10 հազար միլիարդ ֆորինտ (մոտավորապես 24,8 միլիարդ եվրո): Եվ այսօր ասվել է, որ սա բավարար չէ, շատ ավելին է հարկավոր», – հունգարացի լրագրողներին ասել է Սիյարտոն՝ ամփոփելով ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը:

Ելույթը հեռարձակել է M1 հեռուստաալիքը։Նախարարը հայտնել է, որ նիստին ներկա Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիհան «Եվրամիությունից պահանջել է արգելել Ռուսաստանից նավթի գնումը, ավելի շատ գումար տրամադրել Ուկրաինային, Ուկրաինա ուղարկել ավելի շատ հեռահար ծանր սպառազինություն», բայց Հունգարիան «դիմադրել է այդ ամենին»։

«Մենք հստակ հասկացրինք, որ թույլ չենք տա, որ հունգարական փող ուղարկվի Ուկրաինային։ Մենք պատրաստ չենք ներդրում անել որևէ նոր ֆինանսական աջակցության, որևէ նոր զենքի մատակարարման, որևէ նոր ռազմական գործողության համար», – ընդգծել է Սիյարտոն։Նրա խոսքով՝ նիստի ժամանակ նաև հայտարարվել է, որ Կիևը մինչև հիմա ԵՄ-ից չի ստացել խոստացված երկու միլիոն զինամթերքը։

—00—ՄԱ