Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է միջուկային հարցի շուրջ բանակցելու պատրաստակամության մասին
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24News

Իրանը պատրաստ է վերադառնալ միջուկային հարցի շուրջ բանակցություններին՝ պայմանով, որ Իսրայելը դադարեցնի հարվածները իր տարածքի ուղղությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաքչին՝ ընդգծելով, որ դիվանագիտությունը կարող է կրկին արդյունավետ լինել, ինչպես 2015 թվականին:«Դիվանագիտությունն աշխատել է անցյալում և կարող է աշխատել ապագայում։ Բայց ագրեսիան պետք է դադարեցվի, որպեսզի մենք կարողանանք վերադառնալ դիվանագիտությանը», – նրա խոսքը մեջբերում է Anadolu գործակալությունը:
Հղում անելով Reuters-ի տեղեկություններին՝ հաղորդվում է, որ ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆը և Աբբաս Արաքչին մի քանի անգամ շփվել են հեռախոսով՝ Մերձավոր Արևելքում հակամարտության սրումից ի վեր։
Գործակալության աղբյուրների փոխանցմամբ՝ Արաքչին հայտարարել է, որ Թեհրանը չի վերսկսի բանակցությունները, քանի դեռ Իսրայելը շարունակում է ռազմական հարվածները Իրանի տարածքում։«Անհրաժեշտ է, որ ԱՄՆ-ն ճնշում գործադրի իր դաշնակցի վրա։ Այդ դեպքում Իրանը կարող է ճկունություն ցուցաբերել միջուկային հարցում»,-նշել է Իրանի ԱԳ նախարարը:
—00—ՄԱ