Արաղչին ժամանել է Ժնև՝ մասնակցելու «Եվրաեռյակի» երկրների ԱԳ նախարարների հետ բանակցություններին

20/06/2025 18:28 Միջազգային

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Ժնև՝ իր բրիտանացի, ֆրանսիացի և գերմանացի գործընկերների հետ միջուկային էներգիայի և Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի շուրջ բանակցություններ վարելու նպատակով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Աբբաս Արաղչիի տելեգրամյան ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ, որին կից տեղադրված են նաև նախարարի ժամանման լուսանկարները:

«Իրանի արտաքին գործերի նախարար Արաղչիի ժամանման պահը ԵՄ-3 երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների հետ բանակցությունների վայր», – ասված է հաղորդագրության մեջ։

Եվրոպական պատվիրակության կազմում են Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին: Բացի այդ, բանակցություններին ներկա կլինի ԵՄ բարձրաստիճան դիվանագետ Կայա Կալլասը: ԵՄ արտաքին քաղաքականության պաշտոնյայի խոսքով՝ նրա մասնակցությունը նպատակ ունի նվազեցնել լարվածությունը և որոշում կայացնել «միջուկային դոսյեի» վերաբերյալ:

–00—ՅՄ