Իսրայելի բանակը հայտարարել է Իրանի արևմուտքում ևս 40 ռազմական օբյեկտի հարվածներ հասցնելու մասին
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 18, 24News

Իսրայելի ռազմաօդային ուժերն առավոտյան ժամերին գրոհել են ևս ավելի քան 40 ռազմական օբյեկտի վրա Իրանի արևմուտքում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) մամուլի ծառայությունը:
Հայտարարության համաձայն՝ հարվածների թիրախները, մասնավորապես, եղել են հրթիռային պահեստները և հրթիռային զենքի հետ կապված այլ օբյեկտներ:
Գրոհներին մասնակցել է Իսրայելի ռազմաօդային ուժերի մոտ 25 կործանիչ, հավելել են ԻՊԲ-ում:
Բացի այդ, ըստ հայտարարության, գիշերն իսրայելական օդուժը հարվածներ է հասցրել Emad բալիստիկ հրթիռներով լիցքավորված և Իսրայելի ուղղությամբ արձակման պատրաստ արձակման կայանքին:
Ինչպես ճեպազրույցում հայտնել է ԻՊԲ պաշտոնական ներկայացուցիչ բրիգադային գեներալ Էֆի Դեֆրինը, իսրայելցի զինվորականները գիշերվա ընթացքում ֆիքսել են Իրանից մոտ 30 հրթիռի արձակում Իսրայելի ուղղությամբ, զոհեր չկան: Հրթիռների մեծ մասը կալանվել է, հավելել է նա:
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել էր, որ գիշերը ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Թեհրանում գտնվող ցենտրիֆուգների արտադրության օբյեկտի և զենքի գործարանների։
Գիշերվա ռազմական գործողություններում ներգրավվել է 50-ից ավելի կործանիչ։
ԻՊԲ-ն հայտնել էր, որ ցենտրիֆուգների արտադրամասը ծառայում էր Իրանի ուրանի հարստացման ծավալների ընդլայնման նպատակներին։
—00—ՄԱ