Իսրայելում հայտնել են Իրանից 400 բալիստիկ հրթիռի արձակման մասին

18/06/2025 14:22 Միջազգային

Հունիսի 13-ից ի վեր Իրանի տարածքից Իսրայելի ուղղությամբ արձակվել է 400 բալիստիկ հրթիռ, զոհվել է 24 մարդ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանն իր Telegram ալիքում։

«Գործողության մեկնարկի պահից ի վեր (Իսրայելի դեմ)  արձակվել է մոտ 400 բալիստիկ հրթիռ, արձակվել են հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր, գրանցվել է ռազմամթերքի անկման մոտ 40 վայր։ Կորուստները քաղաքացիական բնակչության թվում՝  24 զոհ, 804 վիրավոր», – գրել է Գենդելմանը։

Նա նշել է, որ Իսրայելի հարկային վարչություն է ներկայացվել վնասի փոխհատուցման 18 766 դիմում, դրանցից 15 861-ը՝ շենքերի վնասվածքների, 1272-ը՝ տրանսպորտային միջոցների վնասվածքների, 1633-ը՝ գույքի վնասի համար։ Բացի այդ, նա հավելել է, որ Իսրայելում 3800 մարդ է տարհանվել իրենց տներից:

Իրանը հայտնել է իսրայելական հարվածներից 224 զոհի, 1800 վիրավորի մասին։

–00—ՅՄ