Մակրոնն աջակցություն է հայտնել Գրենլանդիայի ինքնիշխանությանը

16/06/2025 14:14 Միջազգային

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը համերաշխություն են հայտնել Գրենլանդիայի ժողովրդին՝ ինքնիշխանությանը նրանց նվիրվածության հարցում: Այս մասին երկու երկրի ղեկավարները հայտարարել են հունիսի 15-ին Դանիայի ինքնավար շրջանի մայրաքաղաք Նուուկ կատարած համատեղ այցի ժամանակ։

«Նախևառաջ, ես կցանկանայի եվրոպական համերաշխության և Ֆրանսիայի աջակցության ուղերձը փոխանցել Դանիային, Գրենլանդիային և Գրենլանդիայի ժողովրդին։ Ֆրանսիայում և Եվրամիությունում բոլորը կարծում են, որ Գրենլանդիան չի կարելի գնել կամ պարզապես բռնազավթել»,- Մակրոնի խոսքն է մեջբերում dpa-ն։

Նուուկ կատարած այցի ընթացքում Ֆրանսիայի ղեկավարը նաև հայտարարել է, որ Եվրամիությունը ցանկանում է «արագացնել» Գրենլանդիայի հետ գործընկերությունը՝ օգտակար հանածոների, այդ թվում՝ «ռազմավարական» մետաղների արդյունահանման ոլորտում:

—00—ՄԱ