Իրանի ԱԳ նախարարը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին կոչ է արել վճռական գործողություն ձեռնարկել Իսրայելի դեմ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24News

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտում է իրանական IRNA գործակալությունը՝ մանրամասնելով, որ Իրանի ԱԳ նախարարը ընդգծել է ՄԱԿ-ի կողմից Իրանի դեմ Իսրայելի գործողություններին արագ արձագանքելու անհապաղ անհրաժեշտությունը։
Նշվում է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հեռախոսազրույցի ժամանակ Արաղչին մանրամասներ է ներկայացրել Իսրայելի կողմից Իրանի տարածքում գտնվող բազմաթիվ օբյեկտների, այդ թվում՝ ռազմական բազաների, միջուկային օբյեկտների և բնակելի շենքերի վրա հասցված հարվածների մասին։
Նա վերահաստատել է, որ Իսրայելի գործողությունները Իրանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության լուրջ խախտում են՝ որպես ՄԱԿ-ի ինքնիշխան անդամ պետություն։
Արաղչին այդ հարվածները որակել է որպես ագրեսիայի բացահայտ ակտ՝ նշելով, որ Իսլամական Հանրապետությունը պահպանում է ինքնապաշտպանության իր իրավունքը՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի։
Աբբաս Արաղչին կոչ է արել ՄԱԿ-ին անհապաղ գործել ՄԱԿ-ի կանոնադրությամբ սահմանված իր պարտականությունների համաձայն՝ դատապարտելու Իսրայելի հարվածները և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու Իսրայելի իշխանություններին պատասխանատվության ենթարկելու համար։
Հաղորդվում է, որ Անտոնիո Գուտերեշն ափսոսանք է հայտնել և դատապարտել է հարձակումները՝ խոստանալով օգտագործել ՄԱԿ-ի կարողությունները՝ լարվածությունը նվազեցնելու և տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը վերականգնելու համար։
–00—ՅՄ