Հնդկաստանում տեղի ունեցած ավիաաղետն առաջինն է դարձել Boeing 787 տիպի ինքնաթիռների համար

12/06/2025 17:34 Միջազգային

Հնդկաստանի Գուջարաթի նահանգում Boeing 787 Dreamliner մարդատար ինքնաթիռի կործանումն այս տեսակի ինքնաթիռի մասնակցությամբ առաջին միջադեպն է դարձել, որը հանգեցրել է մարդկային զոհերի:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այդ մասին վկայում են ավիացիոն միջադեպերին հետևող Aviation Safety Network հարթակի տվյալները։ Մարդատար ինքնաթիռը կործանվել է Հնդկաստանի Գուջարաթի նահանգում, Ահմեդաբադ քաղաքի օդանավակայանի մերձակայքում։

Air India ավիաընկերության տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 242 մարդ, այդ թվում՝ երկու օդաչու և տասը բորտուղեկցորդ։Հարթակի տվյալներով՝ Boeing 787 Dreamliner-ի մասնակցությամբ տեղի է ունեցել մոտավորապես 170 միջադեպ, սակայն հունիսի 12-ին Հնդկաստանում տեղի ունեցած ավիաաղետն առաջին դեպքն է դարձել, որը հանգեցրել է մարդկային զոհերի։

Հարթակի տվյալներով՝ այս տեսակի ինքնաթիռի առաջին թռիչքը տեղի է ունեցել 2009 թվականին։ Ըստ Indian Express-ի՝ Ահմեդաբադում Air India ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել են օդանավում գտնվող բոլոր 230 ուղևորները և անձնակազմի 12 անդամները։

Ըստ ավիաընկերության՝ ինքնաթիռում գտնվող ուղևորների թվում էին 169 հնդիկ, 53 բրիտանացի, 7 պորտուգալացի, 1 կանադացի։  Օդանավն Ահմեդաբադից վերելք է կատարել տեղական ժամանակով 13։38-ին և ուղղություն վերցրել դեպի Լոնդոնի Գեթվիք օդանավակայան, ուր պետք է ժամաներ տեղական ժամանակով 18։25-ին։ Րոպեներ անց ինքնաթիռը կործանվել է։

–00—ՄԱ