Պուտինը ցավակցություն է հայտնել Հնդկաստանին ինքնաթիռի կործանման կապակցությամբ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Հնդկաստանի նախագահ Դրաուպադի Մուրմուին և հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիին Ահմեդաբադում Air India ավիաընկերության ինքնաթիռի կործանման կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի կայքից:
«Ընդունեք խորին ցավակցություններս Ահմեդաբադի օդանավակայանում օդանավի կործանման ողբերգական հետևանքների կապակցությամբ: Խնդրում եմ փոխանցել իմ անկեղծ ցավակցության և զորակցության խոսքը զոհվածների հարազատներին և մերձավորներին, ինչպես նաև արագ ապաքինման մաղթանքներս այդ աղետում բոլոր տուժածներին», – ասված է հեռագրում:
Ոստիկանությունը հայտնել է, որ Ահմեդաբադում Air India ինքնաթիռի կործանման վայրից դուրս բերված ավելի քան 100 մարդու մարմին տեղափոխվել է հիվանդանոց։
Ինքնաթիռն Ահմեդաբադից վերելք է կատարել տեղական ժամանակով 13։38-ին և ուղղություն վերցրել դեպի Լոնդոնի Գեթվիք օդանավակայան, ուր պետք է ժամաներ տեղական ժամանակով 18։25-ին։ Րոպեներ անց ինքնաթիռը կործանվել է։ Ինքնաթիռից դադարել են տվյալներ ստանալ, երբ այն գտնվում էր 190 մ բարձրության վրա։ Օդանավում գտնվել է 230 ուղևոր և անձնակազմի 12 անդամ։
Air India ավիաընկերությունը X սոցիալական հարթակում հաղորդել է, որ օդանավում գտնվող ուղևորների թվում էր 169 հնդիկ, 53 բրիտանացի, 7 պորտուգալացի, 1 կանադացի։ Ինքնաթիռի կործանման պատճառն առայժմ հայտնի չէ։
–00—ՄԱ