Մոսկվան պատրաստ է իրագործել գերիների փոխանակման շուրջ պայմանավորվածությունները. Պեսկով

09/06/2025 15:29 Միջազգային

Ռուսաստանը պահպանում է իր պատրաստակամությունը՝ իրականացնելու զոհված զինծառայողների մարմիններն Ուկրաինային հանձնելու և գերիներին փոխանակելու շուրջ պայմանավորվածությունները: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Շաբաթ օրը (խմբ.՝ հունիսի 7-ին) իմ գործընկեր և մեր բանակցային խմբի ղեկավար (Վլադիմիր) Մեդինսկին հայտարարություն է արել այդ կապակցությամբ։ Ռուսաստանի Դաշնությունը հավատարիմ է մնում Ստամբուլում նախորդ անգամ բանակցությունների երկրորդ փուլի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին և միշտ կատարում է ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչը չես ասի ուկրաինական կողմի մասին», – ասել է Պեսկովը։

«Մենք ձեզ հետ տեսել և լսել ենք հարյուրավոր տարբեր պատրվակներ, արդարացումներ և այլն, բայց դրանք դժվար թե կարելի է ճշմարտանման համարել», – նշել է Կրեմլի ներկայացուցիչը։

Պեսկովից հետաքրքրվել են, թե արդյոք Ռուսաստանը պլանավորում է դիմել միջազգային կազմակերպություններին՝ Ուկրաինայի հետ զինծառայողների մարմինների փոխանակման հարցի լուծմանն աջակցելու համար։

«Առայժմ այդ մասին խոսք չկա, քանի որ երկկողմ մակարդակով պայմանավորվածություն եղել է, և նախ պետք է հասկանալ, թե արդյոք Ուկրաինան հրաժարվում է կատարել այդ պայմանավորվածությունները», – ասել է Պեսկովը։

Հունիսի 7-ին Ստամբուլում անցկացված բանակցություններում ռուսական խմբի ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտնել էր, որ Ռուսաստանը սկսել է կատարել Ուկրաինայի ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունները, այդ թվում՝ ՌԴ-ի նախաձեռնությամբ Ուկրաինայի զինված ուժերի 6000 զինծառայողների մարմինները Կիևին հանձնելու վերաբերյալ։

Նրա խոսքով՝ արդեն 1212 մարմին տեղափոխվել է փոխանակման վայր։ Մեդինսկին հայտնել է, որ ուկրաինական կողմն անորոշ ժամանակով հետաձգել է մարմինների ընդունումը և զինծառայողների փոխանակումը, որը նույնպես պետք է տեղի ունենար Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն։

–00–ԱՀ