«Մենք զգուշացրինք, բայց մեզ չլսեցին»․ Թեհրանը կարող է վերանայել ԱԷՄԳ-ի հետ հարաբերությունները

09/06/2025 13:27 Միջազգային

Իրանը կարող է վերանայել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ հարաբերությունները, եթե կազմակերպության Կառավարիչների խորհուրդը բացասական բանաձև ընդունի իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդիին։

«Անցյալ անգամ մենք զգուշացրեցինք, բայց մեզ չլսեցին և մենք յոթ անգամ ավելացրեցինք մինչև 60% հարստացված ուրանի արտադրության ծավալները: Այժմ մենք նաև ունենք պատասխան քայլերի ցանկ, և մենք արդեն տեղեկացրել ենք նրանց այդ մասին: Ակնհայտ է, որ գործակալությունը չպետք է ակնկալի, որ Իրանը կշարունակի կառուցողական համագործակցությունն, ինչպես նախկինում», – ասել է նա՝ մեկնաբանելով հակաիրանական բանաձևի հնարավոր ընդունումն ԱԷՄԳ-ի Կառավարիչների խորհրդի առաջիկա նիստում:

Մայիսի 31-ին AFP-ն տվյալներ էր ներկայացրել ԱԷՄԳ-ի գաղտնի զեկույցից, որոնցից հետևում էր, որ վերջին ամիսներին Իրանն զգալիորեն արագացրել է բարձր հարստացված ուրանի արտադրությունը:

Դրան ի պատասխան՝ Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ զանգվածային լրատվամիջոցներում հրապարակված փաստաթուղթը «չի արտացոլում գործակալության և Իսլամական Հանրապետության միջև համագործակցության իրական մակարդակը», և ԱԷՄԳ-ին մեղադրել է, որ այն, իբր, հենվում է «կեղծ փաստաթղթերի վրա, որոնք նրան են տրամադրվել Իսրայելի կողմից»։

ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ զեկույցն անաչառ է և հիմնվում է տեղում աշխատող տեսուչների տեղեկատվության վրա: