Ուկրաինան շարունակում է բարդ հատուկ գործողությունների պլանավորումը Ռուսաստանի տարածքում․ WP
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 6, 24News

Ուկրաինայի հատուկ ծառայությունները շարունակում են մշակել բարդ հատուկ գործողություններ Ռուսաստանի Դաշնության տարածքում՝ նպատակ ունենալով ընդլայնել պատերազմական գործողությունների աշխարհագրությունը ռազմաճակատից դուրս։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի հետախուզական մարմիններում աշխատող անանուն աղբյուրներին։
Ըստ թերթի՝ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը և Զինված ուժերի գլխավոր հետախուզական վարչությունը համակարգված աշխատում են նման գործողությունների ուղղությամբ։ Որպես օրինակ նշվում է «Սարդոստայն» («Паутина») անունը կրող հատուկ գործողությունը, որի իրականացումից հետո Վաշինգտոնում քննարկվել է Ուկրաինային ռազմական աջակցության վերանայման հնարավորությունը, ինչպես նաև հիշատակվում է հարձակումը Ղրիմի կամրջի վրա։
The Washington Post-ի փոխանցմամբ՝ այս գործողությունները հանդիսանում են Ուկրաինայի հետախուզական ռազմավարության մաս՝ միտված ռազմական գործողությունների գոտու ընդլայնմանը՝ ռազմաճակատի դասական սահմաններից դուրս։ Այդ ռազմավարության համատեքստում նշվում է նաև Ուկրաինայի ԳՀՎ-ի կողմից իրականացված հարվածը Վլադիվոստոկի մերձակայքում՝ Դեսանտնայա ծովածոցի շրջանում գտնվող ռուսական ռազմաբազային։ Այդ հարվածն, ըստ աղբյուրների, դարձել է պատերազմի սկզբից ի վեր Ուկրաինայի իրականացրած ամենահեռավոր հարձակումը Ռուսաստանի տարածքում։
–00—ՅՄ