ՌԴ–ն պատրաստ է հարթակներ տալ ՀՀ մարզերի հնարավորությունները ներկայացնելու համար. Պադալկո

06/06/2025 14:53 Միջազգային

Ռուսաստանը պատրաստ է հարթակներ տրամադրել ՀՀ մարզերի ներդրումային հնարավորությունները ներկայացնելու համար։ Այս մասին Երևանում կայացած Ռուս–հայկական տասներորդ միջտարածաշրջանային համաժողովի շրջանակներում Հայկական գործարար խորհրդի նիստի ժամանակ հայտարարեց ՌԴ Առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ Վլադիմիր Պադալկոն։ Այս մասին հայտնում է Սպուտնիկ Արմենիան:

«Առևտրաարդյունաբերական պալատը, Տնտեսական զարգացման նախարարությունը… մենք հաճույքով հարթակներ կտրամադրենք հայկական մարզերը մեզ մոտ` Ռուսաստանում ներկայացնելու համար։ Ցանկացած տեղ կարող ենք հավաքել բիզնեսին և պայմաններ ստեղծել, որպեսզի մեր հայրենակիցները իմանան մարզերի հնարավորությունները և ներդրումներ կատարեն», – ասաց Պադալկոն։

Նրա խոսքով` նման անհրաժեշտություն կա, քանի որ Ռուսաստանում հայկական մարզերի մասին քիչ տեղեկություն կա։ Իսկ նման շնորհանդեսներ կազմակերպելու բոլոր հնարավորությունները կան։

«Դիմում եմ հայկական կողմին։ Եկե՛ք, ամեն ինչ կանենք, որպեսզի Ռուսաստանի Դաշնությունում ձեր մասին ավելին իմանան», – նշեց Պադալկոն։
Նշենք, որ Ռուս-հայկական միջտարածաշրջանային 10-րդ համաժողովը տեղի է ունենում Երևանում։ Համաժողովին մասնակցում է նաև ՌԴ Դաշնային ժողովի դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։

__00__ԱՀ