ԱՄՆ-ն կփակի Սիրիայում գտնվող ութ ռազմակայաններից յոթը

03/06/2025 16:25 Միջազգային

Վաշինգտոնը զգալիորեն նվազեցրել է Սիրիայում իր զորքերի թիվը և մտադիր է պահպանել Սիրիայում գտնվող ութ ռազմակայաններից միայն մեկը, հայտարարել է Անկարայում ԱՄՆ դեսպան և Սիրիայի հարցերով հատուկ պատվիրակ Թոմաս Բարաքը: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Financial Times պարբերականից։

«Մենք ութ ռազմակայաններից հասել ենք հինգի, երեքի։ Ի վերջո, կմնա միայն մեկը», – ասել է դիվանագետը թուրքական NTV-ին տված հարցազրույցում։

Financial Times-ը նշում է, որ ռազմակայանների թվի կրճատումն արտացոլում է տարածաշրջանային անվտանգության լանդշաֆտի փոփոխությունը և ԱՄՆ-ի ու Սիրիայի միջև հարաբերությունների լավացումը։

Բարաքը բացատրել է, որ Սիրիայի նկատմամբ տասնամյակներ շարունակ վարվող ԱՄՆ-ի քաղաքականությունը կփոխվի, քանի որ «այն չի աշխատել»։

Նա վստահեցրել է, որ Սիրիայի դեմոկրատական ​​ուժերը, որոնց միջուկը կազմում են քրդական ինքնապաշտպանական ջոկատները, առաջվա պես մնում են Վաշինգտոնի համար դաշնակից. նաև հույս է հայտնել, որ տարածաշրջանային գործընկերները կմասնակցեն Սիրիայի անվտանգության նոր համակարգի ձևավորմանը։

Fox News-ի տվյալներով՝ ԱՄՆ-ն արդեն դուրս է բերել Սիրիայում գտնվող 2000 զինծառայողներից 500-ին։

Անցյալ շաբաթ Պետքարտուղարության ներկայացուցիչ Մայքլ Միտչելը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն դեռևս չի պատրաստվում ամբողջ կազմով դուրս բերել իր զորքերը Սիրիայից։

Նա նշել էր, որ ԱՄՆ-ն ցանկանում է նոր փուլ սկսել Դամասկոսի հետ հարաբերություններում և «պատմական օր» էր անվանել Սիրիայի հարցով ԱՄՆ պատվիրակ Բարաքի ժամանումը Դամասկոս։

–00–ԱՀ