Հնդկաստանում COVID-19 դեպքերի թիվը 10 օրում տասնապատիկ աճել է
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News

Հնդկաստանում գրանցվել է COVID-19 ակտիվ դեպքերի կտրուկ աճ, որոնց ընդհանուր թիվը հասել է 3395-ի: Այս մասին հաղորդում է Business Standard թերթը՝ հղում անելով Հնդկաստանի առողջապահության նախարարությանը։
Գերատեսչության տվյալներով՝ դեպքերի ամենամեծ թիվը գրանցվել է Կերալա (1336) և Մահարաշտրա (467) նահանգներում, ինչպես նաև Դելիում՝ 375: Վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է COVID-19-ի հետ կապված չորս մահվան դեպք՝ Կերալայում, Կառնատակայում, Ուտար Պրադեշում և Դելիում:
Ինչպես հիշեցնում է հրատարակությունը, անցյալ շաբաթ երկրում COVID-19 դեպքերի թիվը կազմել է 257: Այսպիսով, 10 օրվա ընթացքում այս ցուցանիշը աճել է ավելի քան 10 անգամ։
Երկրի առողջապահության նախարարության տվյալներով՝ վարակի նոր դեպքերի մեծ մասը մեղմ է։ Այնուամենայնիվ, իշխանությունները կոչ են արել քաղաքացիներին զգոն մնալ և նախազգուշական միջոցներ ձեռնարկել՝ դիմակ կրել մարդաշատ վայրերում, պահպանել սոցիալական հեռավորությունը և պահպանել ձեռքերի ու տան հիգիենան։
–00—ՅՄ