Ուկրաինայի զինուժը հարձակվել է Կուրսկի մարզի բնակելի թաղամասերի վրա
31/05/2025 14:12
Միջազգային
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 31, 24News

Տուժածների թվում երեխաներ կան։
Ուկրաինայի զինուժը հարձակվել է Կուրսկի մարզի Լգովսկի և Ռիլսկի շրջանների վրա, ինչի հետևանքով 14 մարդ է տուժել։ Տեղեկությունը հայտնում է մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Խինշտեյնը:
Ռիլսկում ԱԹՍ-ները հարվածել են 2 հինգհարկանի բազմաբնակարան շենքի: Առաջին հարկի բնակարաններից մեկը բռնկվել է, և կրակը տարածվել է հարևան պատշգամբների վրա։ Այս պահին հրդեհն արդեն վերացվել է։ Բացի այդ, հարևան տանը ԱԹՍ-ն հարվածել է երրորդ հարկին, ինչի հետևանքով բնակարաններից մեկում նույնպես հրդեհ է բռնկվել, որն օպերատիվ կերպով մարվել է։ Մարզպետի պաշտոնակատարը հստակեցրել է, որ մեծ թվով պատուհաններ են ջարդվել, մի շարք տների ճակատամասեր են վնասվել։ Բնակիչներին տարհանել են։ Նրանց ժամանակավոր կացարան են առաջարկել, բայց բոլորը նախընտրել են մնալ հարազատների մոտ։
«Լգովսկի և Ռիլսկի շրջանների վրա հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է 14-ի։ Ցավոք, Լգովսկի շրջանում գիշերային հարձակման հետևանքով տուժել է ևս երկու երեխա. նրանք ականապայթյունային վնասվածքներ են ստացել, միջին ծանրության վիճակում են: Այս պահին բժիշկների վերահսկողության տակ են»,-նշել է նա։
Մարզպետի պաշտոնակատարը հավելել է` Ռիլսկում տուժածներից 6-ի վիճակը միջին ծանրության է (նրանցից 2-ը երեխաներ են), իսկ մեկ տղամարդ ծանր վիճակում է։ Բոլորը գտնվում են Կուրսկի մարզային հիվանդանոցում:
Խինշտեյնը նաև տեղեկացրել է, որ վաղ առավոտյան Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են Ռիլսկի շրջանում գտնվող «Յուժնայա» ագրոֆիրմայի տարածքի վրա, հրդեհ է բռնկվել, այս պահին հրշեջները մարում են այն: Հարվածի հետևանքով հարևան շենքում կոտրվել և վնասվել են պատուհանները, մուտքի դուռը, տանիքը: Նա ընդգծել է, որ թեթև վնասվածքներ են ստացել տան երկու բնակիչներ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
–00–ԱՀ