Իսրայելի օգնության շրջափակման պատճառով Գազան դարձել է «աշխարհի ամենաքաղցած շրջանը»

30/05/2025 18:28 Միջազգային

Իսրայելը խոչընդոտում է մարդասիրական օգնության մուտքը Գազայի հատված՝ թույլատրելով միայն սահմանափակ քանակի օժանդակություն։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Reuters-ից, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակի (OCHA) խոսնակ Յենս Լաերկեն՝ որակելով Գազայի հատվածը որպես «երկրագնդի ամենաքաղցած վայր»։

Լաերկեի խոսքով՝ 900 մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարներից միայն 600-ին է թույլատրվել հասնել Իսրայելի հետ Գազայի սահման, և այնտեղից իսրայելական կողմը խոչընդոտներ է ստեղծում օգնությունն անվտանգ կերպով անկլավ տեղափոխելու հարցում։

«Մենք միայն ալյուր ենք կարողացել բերել։ Դա պատրաստ չէ ուտելու, ճի՞շտ է։ Այն պետք է թխվի…. Գազայի բնակչության 100%-ը սովի վտանգի տակ է», – լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է նա։

Իր հերթին, Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային կոմիտեի խոսնակ Թոմասո դելլա Լոնգան հավելել է, որ Գազայի հատվածում իրենց բժշկական հաստատությունների կեսը չի գործում վառելիքի կամ բժշկական սարքավորումների պակասի պատճառով։

 

–00—ԱՀ