Ուկրաինան ցանկանում է նախապես ծանոթանալ խաղաղության շուրջ ՌԴ-ի առաջարկներին. Սիբիհա
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News

Ռուս-ուկրաինական բանակցությունների նպատակով Ստամբուլ պատվիրակություն ուղարկելուց առաջ Կիևը ցանկանում է ծանոթանալ խաղաղության շուրջ Ռուսաստանի առաջարկներին, որպեսզի հանդիպումը լինի բովանդակալից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան իր թուրք պաշտոնակից Հաքան Ֆիդանի հետ Կիևում համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
«Կարևոր է նախապես ստանալ փաստաթուղթը, որ պատվիրակությունը, որը կմասնակցի բանակցություններին, իրավասություն ունենա քննարկելու համապատասխան դիրքորոշումները», – Սիբիհայի խոսքերն է մեջբերում Reuters գործակալությունը։
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակն իր հերթին հայտարարել է, որ Կիևը պատրաստ է մասնակցել հունիսի 2-ին Ստամբուլում նախատեսված բանակցություններին, տեղեկացնում է Kyiv Independent պարբերականը։
Նա նույնպես ընդգծել է, որ ռուսական կողմի մշակած հուշագիրն անհրաժեշտ է նախապես տրամադրել ուկրաինական կողմին։ Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկիի գլխավորած պատվիրակությունը պատրաստ է հունիսի 2-ին Ստամբուլում Ուկրաինային ներկայացնել ճգնաժամի արմատական պատճառների լուծման ուղիների վերաբերյալ Ռուսաստանի հուշագիրը։
Բանակցությունների կայանալու դեպքում Ստամբուլ կմեկնեն նաև ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի անվտանգության հարցերով խորհրդականները։
–00–ԱՀ