Հուսով ենք՝ Իրանը կաջակցի «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ այն քայլերին, որոնք կնպաստեն խաղաղությանը

29/05/2025 15:21 Միջազգային

Մենք արդեն ուզում ենք խաղաղություն և անդորր տեսնել Հարավային Կովկասում։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին լրագրողների հետ հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Տարածաշրջանում կայուն խաղաղությունը բոլորին օգուտ կբերի։ Մենք ուրախ ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունն արդեն հորիզոնում է, մենք գոհ ենք դրանից։ Մենք ուշադիր հետևում ենք այս գործընթացին և անհրաժեշտ ներդրումն ենք կատարում։ Ձեռք բերված խաղաղությունը արժեքավոր կլինի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի, ինչպես նաև մեր երկրի համար։

Մենք Հայաստանի հետ զգուշավոր կարգավորման գործընթաց ունենք։ Մեր երկու երկրներն էլ կշահեն խաղաղությունից և կարգավորումից։ Հետևաբար, անհանգստանալու պատճառ չկա։

Ինչ վերաբերում է «Զանգեզուրի միջանցքին», ապա սա ոչ միայն Նախիջևանի և ամբողջ Ադրբեջանի համար ցամաքային ճանապարհ է, այլև Թուրքիայի միջոցով թյուրքական աշխարհին ինտեգրման նոր գիծ։ Այս միջանցքի բացումը հնարավորինս կարճ ժամանակում կամրապնդի Հարավային Կովկասի տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքները։

Մենք ակնկալում ենք, որ Իրանը կաջակցի այն քայլերին, որոնք կնպաստեն մեր տարածաշրջանում խաղաղությանը և զարգացմանը։ Յուրաքանչյուր քայլ, յուրաքանչյուր բաց դուռ, յուրաքանչյուր միջանցք ոչ միայն տնտեսական օգուտ կբերի, այլև, վերջին հաշվով, երկրներին ավելի կմոտեցնի միմյանց», – նշել է Թուրքիայի առաջնորդը։

–00—ՅՄ