Թրամփը հայտարարել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լավատեսություն է հայտնել, որ Իրանի հետ արագ զարգացող միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում առաջընթաց է գրանցվել։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է CNN-ից, այս մասին նա լրագրողների հետ զրույցել է Նյու Ջերսիից Վաշինգտոն վերադառնալուց առաջ։
«Երեկ և այսօր մենք շատ լավ բանակցություններ ենք ունեցել Իրանի հետ, և տեսնենք, թե ինչ կպատահի։ Բայց կարծում եմ, որ կարող ենք լավ լուրեր ունենալ Իրանի ճակատում», – հայտնել է նա։
«Չգիտեմ՝ առաջիկա երկու օրերի ընթացքում ձեզ լավ թե վատ բան կհայտնեմ, սակայն զգացողություն ունեմ, որ, գուցե, լավ բան կհայտնեմ։ Մենք որոշակի իրական առաջընթաց ենք ունեցել, լուրջ առաջընթաց», – հավելել է նա։
Թրամփը կարծիքով՝ հանդիպումները ճիշտ ուղղությամբ են շարժվել։
Ավելի ուշ նա հայտնել է, որ կցանկանար, որ համաձայնագիր կնքվի, որը կկանխեր Իրանի դեմ ռազմական հարվածը։
«Կարող եմ ասել ձեզ, որ Իրանի հետ բանակցությունները շատ լավ են ընթանում։ Ես շատ կցանկանայի, որ դա տեղի ունենար, քանի որ կցանկանայի տեսնել, որ ռումբեր չեն ընկնում, և շատ մարդիկ չեն զոհվում», – ասել է նա՝ հավելելով, որ «կա մեծ հավանականություն», որ կողմերը համաձայնության կհասնեն։
Իր հերթին օմանցի ներկայացուցիչը հայտարարել է, որ «որոշակի, բայց ոչ վերջնական առաջընթաց» է գրանցվել բանակցություններում։
Մայիսի 23-ին ԱՄՆ-ի և Իրանի բանակցողներն Օմանի պաշտոնյաների միջնորդությամբ Հռոմում անցկացրել են բանակցությունների հինգերորդ փուլը։ Բանակցություններից առաջ Թեհրանը դատապարտել էր ԱՄՆ-ի կողմից սահմանված նոր պատժամիջոցները և կասկածի տակ դրել դիվանագիտական ուղիով ընթանալու Վաշինգտոնի մտադրությունների լրջությունը։
–00–ԱՀ