Հարավաֆրիկյան Հանրապետության ոսկու հանքերից մեկում 289 հանքափոր մնացել է գետնի տակ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

Հարավաֆրիկյան Sibanye-Stillwater ընկերության՝ Յոհաննեսբուրգից ոչ հեռու գտնվող ոսկու հանքավայրի հանքահորերից մեկում 289 հանքափոր է մնացել։ Նրանք չեն տուժել, փրկարարական գործողություններն ընթացքի մեջ են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Sibanye-Stillwater-ը միջադեպի մասին մանրամասներ չի հայտնել, սակայն ընկերության խոսնակը տեղեկացրել է, որ բոլոր հանքափորներն ապահով են, նրանց տրամադրվում է սնունդ։ Նա հավելել է, որ իրականացվում են անվտանգության միջոցառումներ և հանքահորի ուսումնասիրություն, որից հետո հանքափորներին դուրս կբերեն գետնի տակից։
Հարավաֆրիկյան Հանրապետությունում, որտեղ գտնվում են աշխարհի ամենախոր և ամենահին ոսկու հանքավայրերից մի քանիսը, հանքերում միջադեպեր հաճախ են լինում։
Յոհաննեսբուրգում տեղակայված Sybanye-Stillwater ընկերությունը ոսկի է արդյունահանում 3200 մետր խորության վրա։
–00–ԱՀ