Հայաստանի թանգարանների ղեկավարները փորձի փոխանակման նպատակով կմեկնեն ԱՄՆ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

Հայաստանի 9 թանգարանի տնօրեն մայիսի 27-ից հունիսի 7-ը կմասնակցի ԱՄՆ կառավարության կողմից կազմակերպվող «Միջազգային այցելու» ծրագրին՝ «Մշակութային կազմակերպություններում կառավարման գերազանցության խթանումը» թեմայով։
Այս նախաձեռնությունը հնարավոր է դարձել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և Մշակույթի զարգացման հիմնադրամի համագործակցության արդյունքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այցի շրջանակում նախատեսվում են մի շարք հանդիպումներ ԱՄՆ Վաշինգտոն (Կոլումբիա), Ֆիլադելֆիա (Փենսիլվանիա), Թուլսա (Օկլահոմա) քաղաքների մշակութային հաստատություններում, թանգարաններում, ինչպես նաև պետական կառույցներում։
Ծրագրի նպատակն է հնարավորություն ընձեռել հայ մասնակիցներին՝ փոխանակելու փորձը և ձևավորելու երկկողմ ու բազմակողմ կապեր՝ ապագա համագործակցությունների, նախագծերի և փորձի փոխանակման նպատակով։
Ծրագրին մասնակցելու նպատակով Հայաստանից մեկնելու են Հայաստանի ազգային պատկերասրահի, Սերգեյ Փարաջանովի թանգարանի, Ե. Չարենցի տուն-թանգարանի, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի, Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի, Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր և հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության թանգարանի, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրենները, Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության փոխտնօրենը։
Ծրագիրը նախաձեռնել և համակարգում է Մշակույթի զարգացման հիմնադրամը։«Այս ծրագիրը բացառիկ հնարավորություն է Հայաստանի թանգարանների ղեկավարների համար՝ ծանոթանալու մշակութային կառավարման ժամանակակից մեթոդներին, ընդլայնելու համագործակցության շրջանակները և ներկայացնելու հայկական մշակութային ժառանգությունը միջազգային հարթակներում։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ նմանատիպ ծրագրերը լինեն արդյունավետ ու շարունակական»,-նշել է հիմնադրամի արտաքին կապերի ղեկավար Հայկ Մկրտչյանը։
–00–ԱՀ