Իրանը կարող է միջուկային զենք ստանալ, սակայն չի ցանկանում դա անել. Արաղչի

23/05/2025 11:01 Միջազգային

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ իր երկիրն ունի միջուկային զենք ստեղծելու հնարավորություն, սակայն չունի դա անելու ցանկություն, քանի որ գոյություն ունի Իսլամական հեղափոխության առաջնորդի ֆեթվա, որն արգելում է նման զենքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։

Մայիսի 23-ին Հռոմում ԱՄՆ-ի հետ նախատեսված միջուկային հիմնախնդրի շուրջ բանակցությունների հինգերորդ փուլի նախօրեին Արաղչին Իրանի ազգային հեռուստատեսության եթերում ընդգծել է, որ երկիրը հետ չի կանգնելու իր միջուկային իրավունքներից:

Նրա խոսքով՝ 2015 թվականի միջուկային համաձայնագիրը՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀԾԾ), դեռևս «մեռած չէ», բայց այն նաև «չի կարող վերականգնվել»: Ըստ Արաղչիի՝ ԳՀՀԾ-ի վերածնունդն Իրանին ոչ մի օգուտ չի տա։

«Մենք չենք նահանջի մեր իրավունքներից: Մեր միջուկային ծրագիրը, ներառյալ հարստացումը, պետք է շարունակվի: Այնուամենայնիվ, մենք պատրաստ ենք վստահության կառուցման և թափանցիկության միջոցներ ձեռնարկել և ընդունել ավելի լայն մոնիթորինգ, քանի որ վստահ ենք մեր ծրագրի խաղաղ բնույթի մեջ», – ասել է նա:

Արաղչին նաև նշել է, որ եվրոպացիները ցանկանում են մասնակցել ԱՄՆ-Իրան բանակցություններին՝ սպառնալով գործարկել 2015 թվականի միջուկային համաձայնագրում ներառված հատուկ մեխանիզմը, որով նրանք կարող են վերականգնել պատժամիջոցներն Իրանի նկատմամբ։

«Եվրոպան ոչ մի դերակատարում չունի մեր և ԱՄՆ-ի միջև ընթացող բանակցություններում…. Եթե Եվրոպան ցանկանում է դերակատարում ունենալ, ապա պետք է հրաժարվի Իրանի նկատմամբ իր թշնամական և առճակատման քաղաքականությունից», – ասել է Իրանի ԱԳ նախարարը՝ եվրոպացիներին խորհուրդ տալով չգործարկել հատուկ մեխանիզմը, քանի որ նրանք ճգնաժամի մեջ կդնեն Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը։

Արաղչին ասել է, որ ինքը և իր թիմակիցները կմեկնեն Իտալիայի մայրաքաղաք՝ բանակցությունների հինգերորդ փուլի համար՝ նշելով, որ մայիսի 23-ին պարզ կլինի՝ «արդյոք մյուս կողմը պատրաստ է վերանայել իր դիրքորոշումները»։

Իրանի արտգործնախարարը նաև հիշեցրել է, որ մայիսի 22-ին ավելի վաղ նամակ է գրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին իրանական միջուկային օբյեկտների դեմ Իսրայելի սպառնալիքների մասին։

«Ես հստակ նշել եմ, որ մենք պատրաստ ենք վճռական պատասխանի, և եթե սպառնալիքները շարունակվեն, ապա մենք ստիպված կլինենք հատուկ միջոցներ ձեռնարկել մեր օբյեկտներն ու նյութերը պաշտպանելու համար։ Նրանք պետք է հասկանան, թե մենք ինչ նկատի ունենք՝ հատուկ միջոցներ ասելով», – հայտարարել է Արաղչին։

–00–ԱՀ