ԱՄՆ-ն բարձր ճշգրտության կառավարվող ռումբեր կմատակարարի Լեհաստանին
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

ԱՄՆ պետքարտուղարությունը հավանություն է տվել Լեհաստանին խոշոր խմբաքանակով GBU-39/B բարձր ճշգրտության կառավարվող ռումբերի վաճառքին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է Պենտագոնի Պաշտպանական անվտանգության բնագավառում համագործակցության գործակալությունը (DSCA):
Լեհաստանի իշխանությունները հայտ են ներկայացրել ընդհանուր 180 միլիոն դոլարի 1400 ռումբ, ինչպես նաև սպառվող նյութեր, պահեստամասեր, բաղադրիչներ և դրանց հետ կապված սարքավորումներ գնելու համար:«Վաճառքը կբարելավի Լեհաստանի կարողությունը՝ հակազդելու ներկա և ապագա սպառնալիքներին՝ մեծացնելով օդ-երկիր արդյունավետ հարվածներ հասցնելու նրա կարողությունը, ամրապնդելով Լեհաստանի ինքնիշխան տարածքը պաշտպանելու նրա կարողությունը և մեծացնելով ՆԱՏՕ-ի պահանջները կատարելու նրա կարողությունը», – ասվում է հաղորդագրության մեջ։
GBU-39/B-ը 110 կգ կշռող բարձր ճշգրտության ավիացիոն ռումբ է, որը մշակվել է ամերիկյան Boeing Integrated Defense Systems-ի կողմից՝ շվեդական Saab Group-ի հետ համագործակցությամբ: Այն ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերին մատակարարվել է 2005 թվականին։ Կիրառվում է կենդանի ուժի և այնպիսի ստացիոնար թիրախների խոցման համար, ինչպիսիք են կառավարման կետերը և կապի կենտրոնները, ՀՕՊ միջոցները, օդակայանները, վառելիքաքսանյութերի պահեստները։
–00–ԱՀ