ՏԻՄ ընտրություններում առաջադրված հայ թեկնածուները հաջողության են հասել
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում և Բեքայի նահանգում մայիսի 18-ին տեղի է ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հերթական փուլը։
Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդել են Լիբանանում ՍԴՀԿ-ի մամուլի և տեղեկատվության գրասենյակից, այս ընտրություններում լիբանանահայ համայնքը ներկայացնող ավանդական կուսակցությունների առաջադրած բոլոր թեկնածուները հասել են հաջողության:
Հատկանշական է մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած քաղաքային խորհրդի անդամների ընտրությունը, որոնց արդյունքներով 3 հայ դարձել է Լիբանանի քաղաքային խորհրդի անդամ։ Նրանք են՝ Հովհաննես Բուչաքջյանը՝ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունից, ինչպես նաև Սերժ Մելքոնյանը և Վահրամ Պարսումյանը՝ Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությունից։
Բեյրութի քաղաքային խորհուրդը բաղկացած 24 է անդամից։
Հայկական ավանդական կուսակցությունները Բեյրութի քաղաքային խորհրդի ընտրություններում մաս են կազմել «Բեյրութը մեզ կհավաքի» կոալիցիային։
Նշվում է, որ այս կոալիցիայի յուրահատկությունը կայանում էր նրանում, որ դրանում ընդգրկված ուժերը հավասարապես քրիստոնեական և մուսուլմանական համայնքներն էին ներկայացնում:
«Այս ցանկի հայկական հատվածում ծանրակշիռ և որոշիչ դեր են խաղացել հայկական միասնակության քվեները: Նշենք, որ 2026 թվականին տեղի են ունենալու Լիբանանի խորհրդարանական ընտրությունները, և անցած կիրակի օրվա ընտրությունների արդյունքները կարևոր էին հայ համայնքի քաղաքական կշիռը հաստատելու իմաստով: Քաղաքային խորհրդի ընտրություններին զուգահեռ, տեղի ունեցան նաև թաղապետերի ընտրություններ, որոնցում նույնպես ամբողջական հաղթանակ արձանագրեցին ՍԴՀԿ-ի, ՀՅԴ-ի և Ռամկավար Ազատական կուսակցության թեկնածուները»,-հայտնել են ՍԴՀԿ-ի մամուլի և տեղեկատվության գրասենյակից:
–00–ԱՀ