Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումներ են մտցվել օրվա ընթացքում երկրորդ անգամ

21/05/2025 18:08 Միջազգային

Մոսկվայի մարզի «Ժուկովսկի» և «Դոմոդեդովո» օդանավակայաններում մեկ օրվա ընթացքում երկրորդ անգամ օդանավերի ժամանման և մեկնման ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ռոսավիացիան։

Նշվում է, որ օդանավերի մեկնումն իրականացվում է պայմանավորվածությամբ։«Մոսկվայի ժամանակով ժամը 15:44-ից օդանավերի ժամանման և մեկնման ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել «Դոմոդեդովո» և «Ժուկովսկի» օդանավակայաններում: Օդանավակայանները ժամանակավորապես չեն ընդունում և չեն ուղարկում թռիչքներ», – ասվում է Ռոսավիացիայի հաղորդագրության մեջ:

Ավելի ուշ հաղորդվել է նաև «Շերեմետևո» օդանավակայանի աշխատանքի դադարեցման մասին։

Ժամանակավոր սահմանափակումներ են գործում նաև Վլադիմիրի, Իվանովոյի և Կալուգայի օդանավակայաններում։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ հակաօդային պաշտպանության համակարգերը հետ են մղել մայրաքաղաքի վրա երեք անօդաչու թռչող սարքի հարձակումը։ Նա պարզաբանել է, որ բեկորների ընկնելու վայրում աշխատում են արտակարգ ծառայությունների աշխատակիցները։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերվա ընթացքում և մայիսի 21-ի օրվա առաջին կեսին Ռուսաստանի տարածքում խոցվել է ավելի քան 230 ուկրաինական ԱԹՍ։ Սա վերջին օրերին ԱԹՍ-ների ամենազանգվածային հարձակումն է ՌԴ-ի վրա։

Իր հերթին Ուկրաինայի ազգային գվարդիան հայտարարել է, որ Սումիի մարզի հրաձգարաններից մեկում մայիսի 20-ին իրականացված հրթիռային հարվածի հետևանքով վեց զինծառայող է զոհվել։

–00–ԱՀ