Իսրայելի ռազմաօդային ուժերը Գազայի հատվածում հարվածներ են հասցրել 115 թիրախի
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

Անցած օրվա ընթացքում Իսրայելի ռազմաօդային ուժերը «Գիդեոնի կառքեր» գործողության ընթացքում Գազայի հատվածի տարածքում գրոհել են 115 թիրախի վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) իր Telegram ալիքում։
Գրոհի ենթարկված թիրախների թվում են «թշնամու զինվորների խմբեր, արձակման կայանքներ, ռազմական նպատակներով օգտագործվող կառույցներ, թունելներ»։ Դրա հետ մեկտեղ Իսրայելի ռազմածովային ուժերը ԻՊԲ-ի ցամաքային ստորաբաժանումների հետ համակարգված հարվածներ են հասցրել Գազայի հատվածի հյուսիսային մասին։
Իսրայելի պաշտպանության բանակը նաև հայտարարել է, որ շարունակում են թշնամու այն մարտիկների ոչնչացումը, որոնք մասնակցել են Իսրայելի վրա 2023 թվականի հոկտեմբերի 7-ի հարձակմանը։
Իրենց հերթին, ՀԱՄԱՍ խմբավորման կողմից վերահսկվող Գազայի հատվածի իշխանությունները հայտարարել են, որ լույս մայիսի 21-ի գիշերը և օրվա ընթացքում Իսրայելի հարվածներից զոհվել է 45 մարդ։
Մայիսի սկզբին Իսրայելը Գազայում սկսել է «Գիդեոնի կառքեր» լայնածավալ ցամաքային գործողությունը։ Իսրայելի պաշտպանության բանակը գործողությունը բացատրել է որպես «անհրաժեշտություն՝ ՀԱՄԱՍ խմբավորման լիակատար ջախջախման և պատանդների ազատ արձակման համար»։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ զինվորականների նպատակը Գազայի հատվածի ողջ տարածքի նկատմամբ վերահսկողություն հաստատելն է։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ թույլ չի տա, որ այս տարածքում սով լինի։
2023 թ. հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ը հարձակում իրականացրեց Իսրայելի վրա։ Գրոհի զոհ է դարձել ավելի քան 1200 մարդ, շուրջ 250 մարդ պատանդ է վերցվել։ Ի պատասխան՝ Իսրայելի զինվորականները ռազմական գործողություն են սկսել ՀԱՄԱՍ-ի դեմ Գազայի հատվածում։ Այդ ժամանակվանից ի վեր, ըստ Պաղեստինի առողջապահական ծառայությունների տվյալների, Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 53 000-ը։
–00–ԱՀ