ԱՄՀ-ն կոչ է արել ԱՄՆ-ին կրճատել բյուջեի դեֆիցիտը և պետական պարտքը
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) ԱՄՆ-ի համար անհրաժեշտ է համարում բյուջեի դեֆիցիտի կրճատումը և «մշտապես աճող» պետական պարտքի խնդրի լուծումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Financial Times թերթին ասել է ԱՄՀ-ի ղեկավարի տեղակալ Գիտա Գոպինաթը։
«Վաշինգտոնը պետք է բյուջետային քաղաքականություն վարի՝ ուղղված ՀՆԱ-ի նկատմամբ պետական պարտքի աստիճանական կրճատմանը», – ասել է Գոպինաթը։
Նա հավելել է, որ ամերիկյան տնտեսությունը տուժում է առևտրային քաղաքականության մեջ տիրող «շատ բարձր» անորոշության հետևանքով, չնայած Չինաստանի հետ մաքսատուրքերի շուրջ վերջերս կնքված ժամանակավոր համաձայնագրին։
Մայիսի 16-ին միջազգային Moody’s գործակալությունը ԱՄՆ-ի երկարաժամկետ վարկային վարկանիշը «Aaa»-ից իջեցրել է մինչև «Aa1»՝ երկրի աճող պետական պարտքի և բյուջետային դեֆիցիտի առնչությամբ մտահոգությունների պատճառով։
ԱՄՆ-ի Կոնգրեսի բյուջետային վարչության (Congressional Budget Office, CBO) տվյալներով՝ 2024 ֆինանսական տարում ԱՄՆ-ի պետական պարտքը կազմել է ՀՆԱ-ի 98%-ն այն դեպքում, երբ տասը տարի առաջ այն գտնվում էր ՀՆԱ-ի 73%-ի մակարդակում։
Ապրիլին հրապարակված Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումները ենթադրում են ԱՄՆ-ի բյուջեի դեֆիցիտի նվազում այս տարի՝ շնորհիվ մաքսատուրքերից ստացվող եկամուտների աճի։ Սակայն այս կանխատեսումներում հաշվի չեն առել նոր հարկային օրինագծի հնարավոր հետևանքները, որը ենթադրում է հարկերի նվազում, ինչն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փորձում է անցկացնել Կոնգրեսում։
Ապրիլին ԱՄՀ-ն 0,9 տոկոսային կետով նվազեցրել է ԱՄՆ-ի ՀՆԱ-ի 2025 թ. աճի կանխատեսումը՝ հասցնելով 1,8%-ի, իսկ համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումը նվազեցրել է 0,5 տոկոսային կետով՝ հասցնելով 2,8%-ի։ Կանխատեսումների վատթարացումը պայմանավորված էր ԱՄՆ-ի կողմից իր առևտրային գործընկերների նկատմամբ սահմանված խոշոր մաքսատուրքերով։
–00–ԱՀ