Մեծ Բրիտանիան ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկը
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

Մեծ Բրիտանիան հակառուսական պատժամիջոցների ցուցակն ընդլայնել է 100 կետով, որոնց միջոցով թիրախավորվում են Ռուսաստանի ռազմական, էներգետիկայի և ֆինանսական ոլորտները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածվել Միացյալ Թագավորության կառավարության կայքում։
Նոր պատժամիջոցների ցանկում է հայտնվել նաև 46 ֆինանսական հաստատություն, որոնք «օգնում են Ռուսաստանին պատժամիջոցները շրջանցելու փորձերում»։ Դրանց թվում են Սանկտ Պետերբուրգի արժութային բորսան և Ավանդների ապահովագրման ռուսական գործակալությունը:
Բացի այդ, սահմանափակումներ կմտցվեն «ստվերային նավատորմի» ևս 18 նավերի նկատմամբ, որոնք տեղափոխում են ռուսական նավթ։ Մայիսի սկզբին Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը Կիև այցից առաջ հայտարարել էր «ստվերային նավատորմի» հետ կապված 110 պատժամիջոցների սահմանման մասին։
Ըստ հայտարարության՝ Մեծ Բրիտանիան նաև աշխատում է գործընկերների հետ, որպեսզի նվազեցնի ռուսական նավթ գնելու համար սահմանված գնի առավելագույն շեմը, որն այժմ կազմում է մեկ բարելի դիմաց 60 ԱՄՆ դոլար։
–00-ԱՀ