Խամենեին կարծում է, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները ոչ մի արդյունքի չեն հանգեցնի

Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ իր կարծիքով՝ միջուկային հարցի շուրջ ԱՄՆ-ի հետ ընթացող բանակցությունները ոչ մի արդյունք չեն տա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Mehr գործակալությունը հաղորդում է, որ Ալի Խամենեին այս մասին ասել է մայիսի 19-ին Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի մահվան մեկ տարվա կապակցությամբ կայացած միջոցառման ժամանակ։

Իր մեկնաբանություններում Այաթոլլա Ալի Խամենեին անդրադարձել է Վաշինգտոնի հետ բանակցություններին։

«Հիշատակվել է բանակցությունների հարցը։ Ես մի ուղերձ ունեմ մյուս կողմին։ Անհեթեթություն է ասել այնպիսի բաներ, ինչպիսին են «Մենք թույլ չենք տա, որ Իրանը հարստացնի ուրանը»։ Ոչ ոք նրանց թույլտվությանը չի սպասում։ Իսլամական Հանրապետությունն իր սեփական քաղաքականությունն ու մեթոդներն ունի և հետամուտ կլինի դրանց», – ասել է նա։

«Մենք չենք կարծում, որ բանակցությունները արդյունքների կհանգեցնեն։ Մենք չգիտենք, թե ինչ կպատահի», – հավելել է նա։

Չնայած առաջիկա շաբաթ և կիրակի օրերին Հռոմում կարող է կայանալ Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունների հինգերորդ փուլը, սակայն կողմերը լուրջ տարաձայնություններ ունեն ուրանի հաստացման հարցի շուրջ։

Վաշինգտոնը պնդում է, որ Թեհրանը դադարեցնի ուրանի հարստացումը, իսկ Թեհրանն ասում է, որ իր միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ նպատակներ ունի։

Մայիսի 20-ին ավելի վաղ Իրանի արտաքին գործերի փոխնախարարը հայտարարել էր, որ Թեհրանն ԱՄՆ-ից առաջարկ է ստացել բանակցությունների հաջորդ փուլի վերաբերյալ և քննարկում է այն։

–00–ԱՀ