Ըստ թուրքական մամուլի՝ Սիրիան կբաժանվի 5 անվտանգության գոտիների
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

Թուրքական «Nefes Gazetesi» լրատվական կայքը տեղեկություն է հրապարակել այն մասին, որ Սիրիան կբաժանվի 5 մասի։ Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ Շարան պատրաստվում է հայտնել երկրում 5 առանձին անվտանգության գոտիների ստեղծման մասին։ Նշվում է, որ քարտեզը նման է 2011-ին Սիրիայում բռնկված քաղաքացիական պատերազմից հետո ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի կողմից քննարկված բաժանման ծրագրերին։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը:
Թուրքական աղբյուրի պնդմամբ՝ այս կարգավորումը մշակվել է ԱՄՆ-ի և Իսրայելի պահանջներին համապատասխան։ Ըստ այդմ՝ Ալ Հասաքա, Ռաքքա և Դեր Զոր շրջանները, որոնք ներկայումս վերահսկվում են Թուրքիայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) և «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDG) կողմից կկոչվի «Արևելյան շրջան»։
Հալեպի և Իդլիբի շրջանները, որտեղ գերակշռում է թուրքմեն բնակչությունը և գտնվում են Թուրքիայի ռազմաբազաները, կկոչվեն «Հյուսիսային շրջան», Լաթաքիայի և Տարտուսի շրջանները, որոնք տարիներ շարունակ համարվել են արաբ ալավիներին թողնված տարածքներ, կկոչվեն «Ծովեզրյա շրջան»։
Հոմսի և Համայի տարածքները, որտեղ գերակշռում են սուննիները, կանվանվեն «Կենտրոնական շրջան», Դերա, Էս-Սուվեյդան և Ալ-Կունեյտրա շրջանները, որտեղ ապրում են դրուզները, կանվանվեն «Հարավային շրջան»։
–00–ԱՀ