Գազայում 60-ից ավելի զոհ է գրանցվել Իսրայելի հարձակումների հետևանքով
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

Գազայի առողջապահական մարմինները հայտնել են, որ մայիսի 20-ի լուսաբացից ի վեր 67 պաղեստինցի է զոհվել Գազայի մի շարք տարածքներում իսրայելական ռմբակոծությունների հետևանքով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al Jazeera-ն։
Զոհերից 15-ը գրանցվել է Իսրայելի կողմից Գազայի հատվածի կենտրոնական մասում գտնվող Նուսեյրաթի փախստականների ճամբարից արևմուտք գտնվող բենզալցակայանի վրա իրականացված ռմբակոծության հետևանքով։
Իսրայելը շարունակում է ռմբակոծել Գազայի տարբեր հատվածներ, այդ թվում՝ Գազա քաղաքի կենտրոնական շրջանները, Խան Յունիս քաղաքն ու փախստականների ճամբարը։
Իսրայելի զինված ուժերը հայտարարել են, որ անօդաչու սարքի միջոցով կանխել են Եգիպտոսից Իսրայել զենքի մաքսանենգության փորձը։
Գազայի կառավարության մամուլի գրասենյակն, անդրադառնալով օգնության ինը բեռնատարների՝ Գազայի հատված մուտք գործելուն, հայտարարել է, որ օրական 500 բեռնատար է անհրաժեշտ հումանիտար ճգնաժամը հաղթահարելու համար։
Իսրայելը շարունակում է Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մեկնարկած ռազմական գործողությունները։ Գազայի առողջապահության նախարարության տեղեկություններով՝ 53 475 պաղեստինցի է զոհվել Գազայի դեմ Իսրայելի պատերազմի հետևանքով, վիրավորվել է 121 398-ը:
Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։
–00–ԱՀ