Աթենքի հնագիտական հետազոտությունների բրիտանական դպրոցի տնօրենը ՀՀ այցելելու ցանկություն է հայտնել

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Աթենքի հնագիտական հետազոտությունների բրիտանական դպրոցի տնօրեն պրոֆեսոր Ռեբեկա Սուիթմանի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հունաստանում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են հայկական հետազոտական հաստատությունների հետ հնարավոր համագործակցության հեռանկարները։

Դեսպան Մկրտչյանը նշել է, որ Հունաստանի և Հայաստանի միջև առկա է բարձր մակարդակի համագործակցություն բոլոր մակարդակներում։ Չնայած դրան, մշտապես առկա է հնարավորություն էլ ավելի լավ ներկայացնելու գիտական և մշակութային ձեռքբերումները և հետազոտական ինստիտուտների դերն այդ առումով անգնահատելի է։

Դեսպանը ներկայացրել է Հայաստանում իրականացվող Հին Հունաստանին առնչվող հետազոտությունները և հին հունարենից թարգմանությունները, որոնց ներկայացման շրջանակներում կողմերը պայմանավորվել են համագործակցել։

Դեսպանն անդրադարձել է Հայաստանի պատմության թանգարանի և Բրիտանական թանգարանի միջև վերջերս կայացած համագործակցությանը, որի արդյունքում շուրջ կես տարի Հին Հայաստանին առնչվող ցուցանմուշները ցուցադրվել են Երևանում։

Ռեբեկա Սուիթմանն ընդգծել է, որ ուրախ է տեսնել դեսպան Մկրտչյանին Աթենքի բրիտանական դպրոցում: Նա ներկայացրել է դպրոցի հարուստ պատմությունը և հանդիպումից հետո դպրոցում շրջայց կազմակերպել նրա համար։

Նա նաև ցանկություն է արտահայտել անձամբ այցելել Հայաստան և ավելի մոտիկից ծանոթանալ Հայաստանի պատմությանը։

–00–ԱՀ