Հռոմի պապը հանդիպել է ԱՄՆ փոխնախագահի հետ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News

Հռոմի պապ Լևոն XIV-ը մասնավոր հանդիպում է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ, որոնք մայիսի 18-ին մասնակցել են պապի գահակալության պատարագին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Vatican News-ը։
Հռոմի պապի հետ մասնավոր հանդիպումից հետո Վենսը հանդիպել է Սուրբ Աթոռի պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների քարտուղար արքեպիսկոպոս Փոլ Ռիչարդ Գալագերի հետ։ Զրույցի ընթացքում նրանք վերահաստատել են Սուրբ Աթոռի և Միացյալ Նահանգների միջև երկկողմ լավ հարաբերությունները։
«Տեղի է ունեցել կարծիքների փոխանակում միջազգային արդիական մի շարք հարցերի շուրջ՝ կոչ անելով հարգել մարդասիրական և միջազգային իրավունքը հակամարտության գոտիներում և բանակցային լուծում գտնել ներգրավված կողմերի միջև», – նշել է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը։
Վատիկանի Սուրբ Պետրոս հրապարակում մայիսի 18-ին տեղի է ունեցել նորընտիր Լևոն 14-րդ պապի գահակալության պատարագը, որին մասնակցել են աշխարհի տարբեր երկրներ ու պետություններ ներկայացնող ավելի քան 150 պատվիրակություններ, այդ թվում՝ նաև Հայաստանի Հանրապետությունից՝ նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ:
–00—ՅՄ