Զելենսկին զրուցել է Հռոմի պապի հետ և նրան հրավիրել Ուկրաինա
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Հռոմի Լևոն 14-րդ պապի հետ և նրան տեղեկացրել իր երկրում տիրող իրավիճակի մասին։ Նա նաև Հռոմի պապին հրավիրել է Ուկրաինա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Զելենսկին գրել է իր Telegram ալիքում։
Նա նշել է, որ շնորհակալություն է հայտնել Հռոմի պապին Ուկրաինային իր աջակցության համար, ինչպես նաև խնդրել է Վատիկանի աջակցությունը «Ռուսաստան արտաքսված հազարավոր ուկրաինացի երեխաներին տուն վերադարձնելու համար»։
Զելենսկին նաև Հռոմի Լևոն 14-րդ պապի հետ զրույցում ՌԴ-ի հետ բանակցությունների պատրաստակամություն է հայտնել։«Ես նրան տեղեկացրել եմ Ուկրաինայի և մեր գործընկերների միջև համաձայնության մասին, որ այսօր (խմբ.՝ մայիսի 12-ին) պետք է սկսվի լիարժեք, առանց նախապայմանների հրադադար՝ առնվազն 30 օրով, ինչպես նաև հաստատել եմ մեր պատրաստակամությունը հետագա բանակցությունների համար՝ ցանկացած ձևաչափով, ներառյալ ուղղակի բանակցությունները, ինչը մենք բազմիցս ընդգծել ենք։ Ուկրաինան ցանկանում է վերջ տալ այս պատերազմին և ամեն ինչ անում է դրա համար։ Ռուսաստանից ակնկալում ենք համապատասխան քայլեր», – գրել է Վոլոդիմիր Զելենսկին։
Նա նաև քահանայապետին հրավիրել է Ուկրաինա՝ շեշտելով, որ այդ այցն «իրական հույս կբերի բոլոր հավատացյալներին, մեր ամբողջ ժողովրդին»։
Մայիսի 11-ին նորընտիր Լևոն 14-րդ պապն իր առաջին կիրակնօրյա քարոզում հայտարարել էր, որ Ուկրաինային անհրաժեշտ է «իրական, արդար և տևական խաղաղության» համաձայնագիր։
–00–ԱՀ