Գերմանիան պատրաստ է ներկա գտնվել Ստամբուլում ՌԴ֊ի և Ուկրաինայի միջև հնարավոր բանակցություններին
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News

Գերմանիայի կառավարությունը պատրաստ է մայիսի 15-ին Ստամբուլում մասնակցել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ հնարավոր բանակցություններին։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ-ից, այս մասին լրագրողներին ասել է Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Կոռնելիուսը։«Գերմանական կառավարությունը պատրաստ է ներկա գտնվելու (խմբ.՝ Ստամբուլում բանակցություններին)։ Դա ներկայում մշակվում է: Ըստ էության, խոսքը գնալու է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների մասին: Սակայն առաջարկվելու է եվրոպացի գործընկերների աջակցությունը», – ասել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչը՝ պատասխանելով համապատասխան հարցին։
Միաժամանակ Կոռնելիուսը հայտարարել է, որ եթե հրադադարի համաձայնություն ձեռք չբերվի, ապա Ստամբուլում հնարավոր բանակցություններին մասնակցելու մասին որոշումը պետք է կայացնի Կիևը։ «Ռուսաստանի կողմից կա Ուկրաինայի հետ բանակցելու հստակ առաջարկ, Ուկրաինան պետք է որոշի՝ կընդունի՞ արդյոք այս ձևով բանակցելու առաջարկը», – ասել է նա։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել էր Ուկրաինային վերսկսել ուղիղ բանակցությունները Ստամբուլում մայիսի 15-ին «առանց որևէ նախապայմանի»։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իր հերթին հայտարարել էր, որ մայիսի 12-ից ակնկալում է հրադադար Ռուսաստանի կողմից և անձամբ կսպասի Վլադիմիր Պուտինին՝ մայիսի 15-ին Թուրքիայում բանակցությունների համար։
–00–ԱՀ