Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան և Լեհաստանը ՌԴ-ին կոչ են անում համաձայնել հրադադարին
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը համատեղ հայտարարությամբ կոչ են արել Ռուսաստանին համաձայնել 30-օրյա լիարժեք և առանց պայմանների հրադադարի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարությունը հրապարակել է Մեծ Բրիտանիայի կառավարության կայքը։
«Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը ԱՄՆ նախագահ Թրամփի՝ խաղաղության համաձայնագրի կոչերին և կոչ ենք անում Ռուսաստանին դադարեցնել կայուն խաղաղություն ապահովելու ջանքերին խոչընդոտելը։ ԱՄՆ-ի հետ միասին մենք կոչ ենք անում Ռուսաստանին համաձայնել լիարժեք և առանց պայմանների 30-օրյա հրադադարի՝ արդար և երկարատև խաղաղության շուրջ բանակցությունների համար», – ասվում է հայտարարության մեջ։
Նրանք պատրաստակամություն են հայտնել հնարավորինս շուտ աջակցել խաղաղության բանակցություններին, քննարկել հրադադարի իրականացման տեխնիկական հատվածը և պատրաստվել լիարժեք խաղաղության համաձայնագրի:
Երկրների ղեկավարները պատրաստակամություն են հայտնել նաև մեծացնել իրենց աջակցությունը Ուկրաինային։
Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի ղեկավարները մայիսի 10–ին ժամանել էին Կիև՝ մասնակցելու «Կամավորների կոալիցիայի» հանդիպմանը։
–00–ԱՀ