Բայդենը BBC-ին տված բացառիկ հարցազրույցում քննադատել է Թրամփի քաղաքականությունը

ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տնից հեռանալուց հետո BBC-ին տված իր առաջին բացառիկ հարցազրույցում քննադատել է Սպիտակ տան ներկայիս ղեկավար Դոնալդ Թրամփի քաղաքականությունը Եվրոպայի հետ հարաբերությունների, ռուս-ուկրաինական հակամարտության և մի շարք այլ հարցերի շուրջ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը։

Բայդենի կարծիքով, Թրամփի վարչակազմը ճնշում է գործադրում Ուկրաինայի վրա, որպեսզի վերջինս իր տարածքները զիջի Ռուսաստանին: Ըստ նրա՝ «պարզապես հիմարություն է» կարծել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, որը հավատում է, որ «Ուկրաինան Ռուսաստանի մի մասն է», կանգ կառնի «եթե խաղաղության համաձայնագրի շրջանակներում ինչ-որ տարածք զիջեն իրեն»։

Ջո Բայդենը նաև մտահոգություն է հայտնել այն առումով, որ Դոնալդ Թրամփի օրոք ԱՄՆ-Եվրոպա հարաբերությունները վատթարանում են, ինչը, նրա խոսքով, «կփոխի աշխարհի ժամանակակից պատմությունը»։ Բայդենի կարծիքով, Եվրոպան կկորցնի վստահությունը «Ամերիկայի առաջնորդության» նկատմամբ։

ԱՄՆ ներկայիս վարչակազմի կողմից դաշնակիցների հանդեպ վերաբերմունքը նույնպես քննադատության է արժանացել նախկին նախագահի կողմից։ Նա, մասնավորապես, անդրադարձել է Պանամայի ջրանցքի հանդեպ վերահսկողությունը վերադարձնելու, Գրենլանդիայի հանդեպ վերահսկողություն հաստատելու և Կանադան ԱՄՆ-ի 51-րդ նահանգ դարձնելու մասին Թրամփի հայտարարություններին։

«Ի՞նչ է այստեղ կատարվում, գրողը տանի։ Ո՞ր նախագահն է երբևէ նման բաներ ասում։ Մենք այդպիսին չենք։ Մենք կողմ ենք ազատությանը, ժողովրդավարությանը, հնարավորությանը և ոչ թե բռնագրավմանը», – ասել է Բայդենը։

–00—ՅՄ