Իսրայելը մարդկանց կոչ է արել տարհանվել Եմենի գլխավոր օդանավակայանի շրջակա տարածքից
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News

Իսրայելը կոչ է արել բնակիչներին լքել Եմենի մայրաքաղաք Սանայի միջազգային օդանավակայանի մերձակայքը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է BBC-ն։
Իսրայելի ռազմական խոսնակը զգուշացրել է, որ տարածքից չհեռանալը վտանգավոր է մարդկանց կյանքի համար։
Հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքը հայտնում է, որ ամերիկա-իսրայելական ուժերը մայիսի 6-ին մի շարք ինտենսիվ ավիահարվածներ են հասցրել մայրաքաղաք Սանային և Ամրանի նահանգին՝ թիրախավորելով Եմենի քաղաքացիական ենթակառուցվածքները և կենսական նշանակություն ունեցող օբյեկտները։
Ռմբակոծության թիրախում է հայտնվել Սանայի միջազգային օդանավակայանը, որը կրել է վնասներ, որոնց մասին մանրամասներ դեռևս չեն հաղորդվում, ինչպես նաև մայրաքաղաքի մի քանի էլեկտրակայաններ։
Ավելի վաղ՝ մայիսի 5-ին, Իսրայելը Միացյալ Նահանգների հետ մի քանի ավիահարվածներ է հասցրել Եմենի Հոդեյդա նավահանգստին և նույն նահանգում գտնվող Բաջիլ ցեմենտի գործարանին՝ «ի պատասխան Բեն Գուրիոնի միջազգային օդանավակայանի վրա հութիների հարձակման»։
Ցեմենտի գործարանի թիրախավորման հետևանքով զոհերի թիվը հասել է 2-ի, վիրավորներինը՝ 42-ի։
–00–ԱՀ