Սիրիան դատապարտել է Իսրայելի հարվածները նախագահական պալատի մերձակայքում
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News

Սիրիան դատապարտել է Իսրայելի ավիահարվածները Դամասկոսի նախագահական պալատի մերձակայքում՝ դա անվանելով «վտանգավոր էսկալացում»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France24 պարբերականը։
Իսրայելը նախազգուշացրել էր, որ գործողություններ կձեռնարկի՝ բռնություններից պաշտպանելու Սիրիայում կրոնական փոքրամասնություն կազմող դրուզներին։
Սիրիայի նախագահությունը դատապարտել է Իսրայելի ավիահարվածները՝ դրանք անվանելով «պետական ինստիտուտների և պետության ինքնիշխանության դեմ վտանգավոր էսկալացում»։ Երկրի իշխանությունները միջազգային հանրությանը կոչ են արել կանգնել իրենց կողքին՝ նշելով, որ նման հարձակումները «թիրախավորում են Սիրիայի ազգային անվտանգությունը և սիրիացի ժողովրդի միասնությունը»։
Իսրայելը Դամասկոսի նախագահական պալատին ավիահարվածներ էր հասցրել մայիսի 2-ի առավոտյան, որից առաջ սիրիական իշխանություններին նախազգուշացրել էր չարշավել Սիրիայի հարավում դրուզների կողմից բնակեցված գյուղեր։ Վերջին օրերին Սիրիայի կառավարամետ ուժերի և դրուզ մարտիկների միջև Դամասկոսի մերձակայքում բախումներ էին տեղի ունենում։
Մայիսի 2-ի Իսրայելի հարվածը Սիրիային երկրորդն է այս շաբաթվա ընթացքում, իսկ նախագահական պալատին այդքան մոտ հարվածելն, ըստ France24-ի, «ուժեղ ազդանշան» է ուղարկում Սիրիայի նոր ղեկավարությանը։
–00–ԱՀ