Պենտագոնի ղեկավարը նախազգուշացրել է Իրանին՝ հութիներին աջակցելու հետևանքների մասին

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը նախազգուշացրել է Իրանին, որ հութի շարժմանն աջակցության շարունակման դեպքում Թեհրանը կկրի հետևանքներ։ Նախազգուշացումը հնչեցվում է այն փուլում, երբ Վաշինգտոնը վերսկսել է Իրանի հետ անուղղակի բանակցությունները՝ միջուկային ծրագրի սահմանափակման և պատժամիջոցների մեղմման շուրջ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը, Միացյալ Նահանգներն ու Իրանը վերջին շրջանում անցկացրել են երեք փուլով անուղղակի բանակցություններ՝ Օմանի միջնորդությամբ։ Քննարկումները միտված են գործարք կնքելուն, որը թույլ չի տա Թեհրանին ձեռք բերել միջուկային զենք՝ միաժամանակ մեղմելով ԱՄՆ-ի սահմանած տնտեսական պատժամիջոցները։ Հաջորդ փուլը նախատեսվում է անցկացնել Հռոմում՝ շաբաթ օրը։

«Ուղերձ Իրանին՝ մենք տեսնում ենք ձեր մահաբեր աջակցությունը հութիներին։ Մենք հստակ գիտենք՝ ինչ եք անում։ Դուք շատ լավ գիտեք, թե ինչի է ընդունակ ԱՄՆ զինված ուժերը։ Դուք նախազգուշացվել եք։ Դուք կկրեք դրա հետևանքները՝ այն ժամանակ և վայրում, որ մենք կընտրենք»,-գրել է Հեգսեթը իր «X»-ի հարթակում։

Ավելի ուշ Հեգսեթն իր անձնական X հաշվում վերահրապարակել է նաև Դոնալդ Թրամփի մարտյան գրառումը Truth Social հարթակից, որտեղ վերջինս հայտնել էր, որ իր վարչակազմը պատասխանատվության կենթարկի Իրանին՝ հութիների կողմից իրականացված ցանկացած հարձակման դեպքում։

–00—ՅՄ