Եվրահանձնաժողովը 910 միլիոն եվրո է հատկացնում ԵՄ-ի պաշտպանական կարողությունների ուժեղացման համար
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News

Եվրահանձնաժողովը ապրիլի 30-ին հայտարարել է Եվրոպական պաշտպանության հիմնադրամի (EDF) շրջանակներում 910 միլիոն եվրո ներդնելու մասին՝ Եվրոպայում ուժեղ և նորարարական պաշտպանական արդյունաբերության ստեղծման նախագծերի համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Եվրահանձնաժողովի տարածած մամուլի հաղորդագրությունում։
«Ընտրված առաջարկները նպաստում են այնպիսի կարևորագույն պաշտպանական կարողությունների զարգացմանը, ինչպիսիք են հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգերը և անօդաչու թռչող սարքերը, որոնք եվրոպական սպառազինություններին թույլ կտան հակազդել ի հայտ եկող սպառնալիքներին և պաշտպանել մեր քաղաքացիներին՝ լինի դա մեր հավաքական պաշտպանության ամրապնդման կամ մեր գործընկերներին, օրինակ՝ Ուկրաինային աջակցելու ճանապարհով», – ասել է պաշտպանության հարցերով Եվրահանձնաժողովի անդամ Անդրիուս Կուբիլյուսը։
Եվրահանձնաժողովի հաղորդագրության մեջ ասվում է, որ այդ ներդրումներն ուղղված են՝ «վերացնելու պաշտպանական կարողությունների հիմնական խնդիրները, ինչպիսիք են զինված ուժերի շարժունակությունը և անօդաչու թռչող սարքերից պաշտպանությունը՝ եվրոպական գիտության և արդյունաբերության ոլորտում նորարարության և համագործակցության միջոցով»։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
–00—ՅՄ