ԱՊՀ գրեթե բոլոր երկրների ղեկավարները Հաղթանակի օրվա առթիվ կմեկնեն Մոսկվա
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

ԱՊՀ բոլոր երկրների ղեկավարները, բացառությամբ Ուկրաինայի և Մոլդովայի, Մոսկվայում կմասնակցեն Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի առթիվ կազմակերպվող տոնակատարություններին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։
«ԱՊՀ երկրների բոլոր ղեկավարները, բացառությամբ երկուսի։ Ցավոք, Ուկրաինան և Մոլդովան բացակայելու են։ Ներկա կլինի ինը պետության ղեկավար», – ասել է Լեբեդևը՝ պատասխանելով այն հարցին, թե ԱՊՀ անդամ երկրների պետությունների ու կառավարությունների ղեկավարներից ովքեր են մասնակցելու մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք տոնակատարություններին։
Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտնել էր, որ կմասնակցի Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի հետ կապված Մոսկվայում նախատեսված միջոցառումներին։
–00–ԱՀ